Նոյեմբերի 14-ից ավելի քան 1200 փախստական է վերադարձել Ստեփանակերտ, ովքեր Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով լքել էին իրենց տները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 482 փախստական: Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել արդեն 1207 բնակիչ, ովքեր Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով լքել էին իրենց տները: Շարասյունների անվտանգ տեղաշարժը հսկել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտը եւ ռազմական ոստիկանությունը»,-ասել է նա:

Նա նաեւ հայտնել է, որ ռուս սակրավորներն ականազերծել են ամբողջ Լաչինի միջանցքը եւ դեպի Ստեփանակերտ ճանապարհահատվածը:

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական ստորաբաժանումների կողմից պայթունավտանգ իրերից, կոտրված եւ վնասված տեխնիկայից ամբողջությամբ ականազերծվել եւ մաքրվել է Լաչինի միջանցքը եւ դեպի Ստեփանակերտ 28 կմ երկարությամբ ճանապարհահատվածը»,-ասել է Կոնաշենկովը: Այսօր ժամը 10:00-ից այդ ճանապարհով բաց է քաղաքացիական տրանսպորտի անվտանգ երթեւեկությունը: