Ռուսաստանն Իլ-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ինչպես նաև հատուկ տեխնիկա ու ինժեներա-սակրավորական սարքավորումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սակրավորներն իրականացնելու են ինժեներական հետախուզության, տարածքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքներ: Բացի այդ՝ նրանք ապահովելու են տեղափոխման և տարհանման ճանապարհների նախապատրաստումն ու պահպանումը, իրականացնելու են ջրի մաքրման և ինժեներական ապահովման այլ առաջադրանքներ:

Պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման և որոնումների համար օգտագործվելու են ծառայողական շներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: