Պատերազմից հետո ես մեկ անգամ ցավ տեսա Նիկոլ Փաշինյանի աչքերում, երբ հայտարարեց, որ իր դուխին և իր կոնյակը գողացել են: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ներկայացրեց, թե Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրով մեզանից ինչ տարածքներ են գողացել: «Այստեղ մեզ ասում են՝ ցավը մի ավելացրեք, բա ինչ, սերիալնե՞ր ցուցադրենք»,-ասաց նա և նկատեց, որ գաղթի ճանապարհ բռնած քարվաճառցին գնում է, մարդիկ իրենց հանգուցյալների շիրիմները գրկած բերում են:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում պետք է Շուշին հանձնվեր, իսկ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ խաղաղ գործընթացի որևէ փոլում նման հարց չի քննարկվել: «Դուք շեյր եք արել բոլոր այն բանդաների լայվերը, որտեղ ամենախուլիգան կոչերն են անում և հայհոյանքներն են տալիս ընդդիմությանը»,-ասաց նա՝ դիմելով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին:

«Նիկոլ Փաշինյան, ես կվերադարձնեմ քո դուխին, քո կոնյակը, հեռացիր, որ մենք կարողանանք նոր բանակցողով փրկել այն, ինչ դու մատաղ արեցիր թուրքերին, այս դահլիճում, բացի Նիկոլ Փաշինյանի հեռացումից, այլ հարց չի քննարկվելու»,-ասաց նա: