Հասկանո՞ւմ եք՝ մեզ հիմա հետևում են, հիմա պիտի ասեն՝ այս մարդիկ, իրենց կորուստները թողած, ինչով են զբաղված: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Մեր մեջ այնպիսի մարդ չկա, որ պատերազմի ընթացքում տուժած չլինի: Եկեք, մենք՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, հասկանանք, գնահատենք մեր գերակայությունները, իհարկե, բյուջեն կարևոր  հարց է, բյուջեով շատ կարևոր հարցեր են լուծվում, բայց այսօր մեր գլխավոր խնդիրը դա չէ»,-ասաց նա:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի տարածքների հանձման ելույթի մասին՝ ընդգծեց. «Ասում է՝ ուշ կամ շուտ, դա բովանդակային չէ, ո՞նց թե բովանդակային չէ, այսինքն՝ այդ 4000-ից ավել զոհերի հարցը բովանդակային չէ՞, սա ի՞նչ է նշանակում: Նիկոլ Փաշինյանը գուցե շատ լավ ընդդիմադիր գործիչ էր, բայց նա պետական կառավարիչ չէ: Դուք էլ եք լավ հասկանում, ձեր ցավը տանեմ, ո՞նց ասենք էլ:  Պարզապես դուք ունեք ձեր քաղաքական շահերը, բայց այսօր, խնդրում եմ, հասկացեք, այստեղ քաղաքական շահերի մրցակցության խնդիր չէ, այստեղ հայրենիքը պահելու խնդիրն է: Ամեն մարդ թող իր խղճով քվեարկի, մենք մեր խղճով ենք քվեարկելու»: