Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը մտավախություն ունի, որ Թուրքիան՝ ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ, մինչ 2023 թվականը կարող է  բռնությամբ միացնել կղզու հյուսիսային հատվածը, եթե մինչ դա այդպես էլ չհասնեն կիպրոսյան հիմնախնդրի լուծմանը։ Այս մասին երկրի ԱԳ նախարարը երեկ հայտարարել է խորհրդարանում արտաքին քաղաքականության գերատեսչության հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս, տեղեկացնում է Cyprus Mail պարբերականի կայքը։

Ներկայացուցիչների պալատի ֆինանսների հարցերով կոմիտեում հանդիպման ժամանակ Խրիստոդուլիդիսը, վկայակոչելով միջազգային հանրության գնահատականները, «անձնական մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ գոյություն ունի Թուրքիայի կողմից [կիպրական] հյուսիսի բռնակցման վտանգ, եթե մինչ 2023 թվականը լուծում չգտնվի, երբ Անկարան նշելու է Թուրքական Հանրապետության հիմնադրման 100-ամյակը», հայտնում է պարբերականը։

«Ցավոք, [Կիպրոսի] օկուպացված շրջանները, Սիրիայի հյուսիսի շրջանները, Իրաքի հյուսիսի շրջանները պարոն Էրդողանի պոտենցիալ թիրախներն են, եւ սա մեզ պետք է մտահոգի, եւ մենք, իհարկե, մտահոգված ենք»,- ասել է նա՝  դիմելով խորհրդարանականներին։

Խրիստոդուլիդիսի խոսքով՝ Միջերկրական ծովի ամբողջ արեւելյան տարածաշրջանում, այդ թվում՝ Կիպրոսում շարունակվում են Թուրքիայի կողմից «աննախադեպ սադրանքները»։ Կրկին վկայակոչելով «միջազգային հանրության գնահատականները»՝ նա նշել է, որ դա տեղի է ունեցել միջազգային խնդիրները ժամանակակից թուրքական պետության հիմնադրման առաջիկա 100-ամյակի լույսի ներքո լուծելու «Էրդողանի նեոօսմանյան մոտեցման», մուսուլմանական աշխարհը գլխավորելու Անկարայի փրձերի պատճառով, ինչպես նաեւ տնտեսական ճգնաժամից իր քաղաքացիների ուշադրությունը շեղելու պատճառով, որին բախվում է Թուրքիան։