Ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, դրանից հնարավոր չէ խուսափել, ես ընդունում եմ դա ու հետևություններ էլ կլինեն: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ հենց այդ պատասխանատվությունն է վարչապետին մղել ստորագրելու այդ եռակողմ հայտարարությունը, որով 25-30 հազար զինվորականների կյանք է փրկվել, և որ այդ հայտարարությամբ է փրկվել նաև Ստեփանակերտը, հետևաբար՝ Արցախը:

Նա նշեց, թե չի ընդունում, որ տեղի ունեցածը դիտարկվում է իբրև 2.5 տարվա կառավարման հետևանք և պարզունականացվում է Արցախի խնդիրը: Նա ընդգծեց, թե սա նույնիսկ 25 տարվա քաղաքականության հետևանք չէ, այլ կապված է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցերի հետ։

«Ընդունում եմ, որ հանրային հուզումներ են արթնացել: Բայց եթե անգամ ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա պետք է կայունություն լինի, պետք է որոշակի ժամանակ անցնի, դուք չեք կարողանալու գնալ գյուղեր, որտեղ սև ժապավեններ են փակցված և քարոզարշավ անել, մարդիկ վշտի մեջ են»,- ասաց նա:

Ընդդիմության դիտարկմանը, թե իրենք նոր ընտրությունների մասին չեն խոսում, այլ հրաժարականի, Նազարյանն՝ ասաց շատ լավ, և շարունակեց ելույթը՝ անդրադառնալով  հայտարարության ստորագրման օրը կառավարություն մտած մարդկանց: Նրա խոսքով՝ անվտանգության աշխատողներն ասել են, թե այդ մարդկանց շարքում է եղել նաև ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը՝ Դավիթ Մանուկյանը։

Այս հայտարարություն առաջացրեց ԲՀԿ-ական պատգամավորների դժգոհությունը, լսվում էր նրանց ձայները, թե դա սուտ է և եթե նման բան լիներ, վաղուց հրապարակած կլինեին ապացույցներ:

Պատգամավորների դիտարկմանը, թե Լենա Նազարյանն այնտե՞ղ  եղել, որ նման հայտարարություն է անում, նա ասաց, որ այնտեղ չի եղել: Պատգամավորները շարունակում էին տեղերից իրենց դժգոհությունն արտահայտել, իսկ Նազարյանն իր խոսքն ամփոփեց, թե կառավարությունը ջարդուփշուր անելու պայմաններում հնարավոր չէ պահանջել վարչապետի հրաժարական:

Նաիրա Զոհրաբյանն էլ տեղից  հակադարձեց, թե բոլոր ԲՀԿ-ական պատգամավորների աշխատասենյակները ջարդուփշուր արված են և չի կարելի նման ձև արտահայտվել: