Կատարվածից հետո առնվազն սպասելի էր, որ պաշտպանության նախարարը և զինված ուժերի այն պատասխանատուները, որոնք աններելի բացթողումներ են ունեցել, պետք է արդեն հրաժարական տված լինեին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Նրանց կողմից անմիջապես հրաժարական չտալը խոսում է այն մասին, որ նրանք բացարձակ չեն գիտակցում, թե ինչ են արել և ուր է տանելու մեզ այս ձախողումը։ Այս անձանց անպատիժ մնալու դեպքում բանակում ոչ միայն շարունակվելու են նման երևույթները, այլև լրջագույն սպառնալիք են դառնալու ՀՀ անվտանգության համար», — ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով նախօրեի ՊՆ տարածած հաղորդագրությանը՝ Քոչարյանն ասաց.

«Նախարարությունը հատկապես այս օրերին պետք է հանդես գար մեր հաղթանակի, վատագույն դեպքում՝ մեր պարտության վերաբերյալ հստակ, խելամիտ հիմնավորումներով և ոչ ստահոդ ու պոպուլիստական գրառումներով», — ասաց Անդրանիկ Քոչարյանը։