Դանիայի իշխանությունները H5N8 թռչնագրիպի բռնկման պատճառով որոշել են 25 հազար ճուտ ոչնչացնել։ Այս մասին հայտնում է Ekstra Bladet-ը՝ վկայակոչելով Դանիայի անասնաբուժության եւ սննդամթերքի վարչությանը։

Գերատեսչությունից նշել են, որ առայժմ չեն հայտնաբերվել մարդկանց թռչնագրիպով վարակվելու դեպքեր, փոխանցում է Gazeta-ն։

Դրանից բացի, իշխանությունները նվազագույնը երեք ամսով դադարեցրել են թռչնամսի եւ ձվի արտահանումը ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրներ։

Դանիայի իշխանություններն ավելի վաղ այն տեղեկությունների ֆոնին, որ անասնաֆերմաներում ջրաքիսների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որոշել էին բոլոր ջրաքիսներին սպանել։ Դանիայում կա շուրջ 17 մլն ջրաքիս։ Որոշումը հարուցել էր գործարանատերերի եւ մյուս քաղաքացիների վրդովմունքը։ Իշխանություններն ավելի ուշ որոշել էին ոչնչացնելու փոխարեն, փորձել կենդանիներին փրկել։