«Կազմակերպված սպրինտերներով մարդիկ բերվեցին Կառավարության դաչա՝ առանձնատների մոտ,  և այդ սպրինտերներից իջնող մարդիկ, մագլցելով  դարպասների վրայով, մտան Կառավարության առանձնատուն:

Ես նաև ցանկանում եմ, որպեսզի այդ կազմակերպված խումբը (հաճախ ասում են, որ նրանք իրենց անվտանգության աշխատակիցներն են կամ գազի կալոնկաների աշխատակիցներ են, նույն ձևով հավաքեն այդ մարդկանց, տանեն Արցախ և փորձեն օգնել արցախցուն, օգնել մեր հայրենակիցներին: Որովհետև նրանք այս պատերազմի 44 օրերին որևէ բան չեն արել, այնինչ ունեին կազմակերպչական ուժեղ հմտություններ և շատ արագ՝  10 րոպեում մոբիլիզացվեցին:

Ես ցանկանում եմ, որպեսզի իրենք մոբիլիզացվեն  և լծվեն հայրենիքի պաշտպանության գործին չեն լծվել, գոնե՝ վերականգնման գործին»,- ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտնի իրադարձություններին հաջորդած դժգոհության ալիքին, նշեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա  հերքեց օրեր շարունակ շրջանառվող այն տեղեկությունները, թե իշխանությունը ձևավորում է զինված խմբեր, և այդ ամենն ինքն է վերահսկում.  «Մենք բազմիցս նշել ենք, որ բռնությունը Հայաստանում տեղ չունի, և դուք բոլորդ 2.5 տարիների ընթացքում հետևելով մեր գործունեությանը՝ տեսել եք, որ բռնությունը մեր օրակարգում տեղ չունի:

Ես կասեմ հակառակը, որ մեզ երկու տարի շարունակ մեղադրում են մեր այս «թավիշային» գործունեության համար:  Մեզ որևէ մեկը մինչև այս չի մեղադրել բռնի գործունեություն անելու կամ որևէ զինված խումբ կազմելու համար,  այլ մի մասը մեր ժողովրդի վրդովմունքից ելնելով՝ մեզ մեղադրել է թավիշի մեջ, որ մենք լուռ տանում ենք բոլոր հարվածները, բոլոր վիրավորանքները և որևէ քայլ չենք ձեռնարկում:

Ասեմ, որ վարչապետը ևս նշել է երեկ, որ մենք միայն մնալու ենք օրենքի սահմաններում,  և, որ բռնությունը Հայաստանում տեղ չի կարող ունենալ և չունի»:

Հարցին, թե ինչո՞ւ վարչապետը հրաժարական չի ներկայացնում՝ նա պատասխանեց. «Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի:

Եվ ես  ցանկանում եմ նաև անդրադառնալ նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա ելույթին. ինձ համար շատ տարօրինակ էր, որ 2018 թվականին բազմահազարանոց- հարյուրահազարանոց հրապարակներում հավաքվող մարդկանց Արմեն Սարգսյանը չանդրադարձավ»:

Դիտարկմանը, թե իրավիճակ է փոխվել, պատգամավորն արձագանքեց.

«Պարոն Արմեն Սարգսյանը ասում է, որ կա պահանջ, և դա լուծման ճանապարհ է, այնինչ հրապարակում երեկ եղել է տարբեր հաշվարկներով 2-3 հազար մարդ, առաջին օրը եղել է 5 հազար մարդ, և այդ թիվը աստիճանաբար սկսել է…

Ես ձեզ ուրիշ բան ասեմ՝ պարոն Արմեն Սարգսյանի այդ կոչից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին գրել՝ խնդրում ենք, վարչապետին ասել՝ հանկարծ հրաժարական չտա, երկիրը Ռոբին, Սերժին, նախկին թալանչիներին թողնելու չունենք»:

Լրագրողի հարցին, թե 1200 դոլարանոց շապիկը, որ երեկ հագել-եկել էիք ԱԺ, որտեղի՞ց եք ձեռք բերել, պատգամավորի ձեր աշխատավարձո՞վ էիք գնել, նա պատասխանեց. «Սպասեք, Ձեր հարցին կպատասխանեմ»:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Հայկ Սարգսյանը նշեց. «Հիմա ՀՀ-ում ծանր պատերազմական իրավիճակ է, բոլորս դրա մասին գիտենք, ունենք հազարավոր զոհեր, ունենք հազարավոր վիրավորներ, ունենք հազարավոր փախստականներ, անտուն մնացած մարդիկ, ունենք կորոնավիրուսով վարակվածների մեծ քանակությամբ բնակչություն, և պարոն Արմեն Սարգսյանը, որ կորոնավիրուսից միշտ վախենում է, բոլորս տեղյակ ենք, որ մարդ է ընդունում, 50 մետր հեռու է նստում, որ հանկարծ չվարակվի, այսօր խոսում է արտահերթ ընտրությունների մասին: Չի կարելի այդ պայմաններում խոսել, երբ անգամ հերթական ընտրությունները …»:

Դուք ՍԴ փոփոխությունների քարոզարշավ էիք անում՝ լրագրողների հիշեցմանն ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը նկատեց.  «Դրա համար էլ դադարեցվեց քարոզարշավը, երբ  ռիսկերը մեծացել են, դրա մասին բոլորը գիտեն»:

Ընտրության չգնալն արդյոք չի՞ ապակայունացնի իրավիճակը՝ հարցին պատգամավորը պատասխանեց. «Հասարակության լայն շրջանակներում ընտրությունների գնալու որևէ պահանջ գոյություն չունի, հակառակը՝ մեր հասարակությունն ասում է՝ հանկարծ նման քայլի չգնաք, բազմաթիվ ստատուսներ կան, նամակներ կան, քոմենթներ կան, խնդրում եմ ուսումնասիրեք, բոլորը ասում են՝ հանկարծ չգնաք արտահերթ ընտրությունների»:

Դուք ֆեյսբուքյան իրականությա՞մբ եք առաջնորդվում՝  հարցին իշխանական պատգամավորը պատասխանեց. «Ո՛չ , կարող ենք իրար հետ դուրս գալ փողոց, իրար հետ հարցումներ անենք, ու  հասկանանք՝ մեր հանրությունը…»:

Իսկ էդ դեպքում «Իմ քայլը» ինչո՞ւ խորհրդարան չէր գալիս՝ լրագրողների հաջորդ հարցին ի պատասխան էլ՝ ասաց. «Որովհետև խորհրդարանում մարդիկ էին, ովքեր պատուհաններ էին ջարդում, ովքեր մտել իմ աշխատասենյակն էին  ջարդել,  և ես չեմ ցանկացել գալ, մտնել սադրանքի մեջ»: