ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ կազմակերպության  իր գործընկերներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման մասին` նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են, և իրավիճակը կայունանում է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նոյեմբերի 17-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, Պուտինը, խոսելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մասին, հիշեցրել է, որ սեպտեմբերին ղարաբաղյան հակամարտությունը սրվել էր:

«Ռուսական կողմը ամենաակտիվ ջանքերն է գործադրել օգնելու դադարեցնել ռազմական գործողությունները մեր երկու բարեկամ պետությունների միջև և դրդել է նրանց գտնել փոխզիջումային լուծումներ: Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամբողջական հրադադարի և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին»,-ասել է Պուտինը:

Նա նշել է, որ այս ամենն արձանագրվել է եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը:

«Կարևոր է, որ այդ համաձայնագրերը պահպանվում են: Ռազմական գործողությունները լիովին դադարեցվել են, իրավիճակը կայունանում է: Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա` ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների շահերից ելնելով», — նշել է Ռուսաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: