Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին:

Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները բարձր են գնահատում ՌԴ փրկարարական ուժերի ներկայությունն Արցախում, և համոզված են, որ արդյունավետ համագործակցություն կձևավորվի ԱՀ գործընկեր կառույցի հետ:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատերազմական գործողությունների դադարից հետո խաղաղ բնակչության բնականոն և անվտանգ կյանքի ապահովման համար մեծ ծավալի աշխատանք է սպասվում, և շատ ուրախ է, որ այդ ծանր ժամանակահատվածում ռուս եղբայրներն Արցախին մենակ չեն թողել:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, քննարկվել է հարցերի լայն օրակարգ: