Թմրանյութերն ամեն տարի խեղում եւ սպանում են հազարավոր ռուսաստանցիների, խախտում հասարակության բարոյական հիմքերը, իսկ թմրաբիզնեսի ստվերային շահույթը սնուցում Է հանցաշխարհը եւ ահաբեկչական կառույցները: Այդ մասին, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ամեն տարի թմրանյութերը խեղում եւ սպանում են մեր հազարավոր քաղաքացիների, խորտակում երեխաների ճակատագրերը, ցավ, դժբախտություն բերում ընտանիքներին, խարխլում հասարակության բարոյական հիմքերը: Իսկ թմրաբիզնեսի ստվերային շահույթը ծառայում Է հանցաշխարհի ֆինանսական սնուցմանը, անդրսահմանային հանցավորությանը, կոռուպցիային, ահաբեկչական եւ ծայրահեղական կառույցներին»,-հայտարարել Է Պուտինը՝ հանդես գալով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում, որը նոյեմբերի 16-ին անցկացվել Է տեսախորհրդաժողովի ռեժիմով:

Նախագահն Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին առաջարկել Է քննարկել թմրանյութերի դեմ պետական քաղաքականությունը: Նա նշել Է, որ դա չափազանց բարդ թեմա Է, որը պարունակում Է շատ ասպեկտներ, ուղղակիորեն վերաբերում Է ազգային անվտանգությանը եւ երկրի ժողովրդի ապագային: Նրա խոսքով՝ թմրանյութերի խնդիր իսկական մարտահրավեր Է, որի հետ բախվում են Ռուսաստանը եւ աշխարհի բազմաթիվ երկրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: