Թուրքիայի խորհրդարան այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան ռազմական անձնակազմ ուղարկելու մասին հրամանագրի նախագծի ներկայացումը հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հարցն այն է, որ Ադրբեջանի տարածքում գտնվելու է նաև դիտորդական կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ. դա ներքին ընթացակարգերի իրականացում է, Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգեր են: Թուրքիայի ներքին խնդիրն է»,-ասել է Պեսկովը:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին պայմանավորվածություններին, ապա դա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ պայմանավորվածությունների արդյունք է», -ավելացրել է Կրեմլի խոսնակը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։