Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ, գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով Նազարբաևի մամուլի ծառայության հայտարարությանը:

«Ղազախստանի առաջին նախագահը ցավով է ընդունել մշակույթի ականավոր գործիչ, դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան լուրը: Նուսուլթան Նազարբաևը նշել է, որ Ջիգարխանյանը, ամբողջ կյանքը մշակույթին նվիրաբերելով, իր տաղանդով ու պրոֆեսիոնալիզմով միլիոնավոր հեռսուստադիտողների հարգանքին ու սիրուն է արժանացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ղազախստանի նախկին առաջնորդը վստահություն է հայտնել, որ Արմեն Ջիգարխանյանի լուսավոր հիշատակը հավերժ մարդկանց սրտերում կմնա:

Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:

Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է:

Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

Ջիգարխանյանը ԽՍՀՄ ամենաշատ նկարահանվող դերասաններից է եղել, կինոյում և հեռուստաֆիլմերում նա ավելի քան 250 կերպար է մարմնավորել: