Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը կարծում է, որ այժմ ձեռք բերված զինադադարը Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի վերջնական լուծումը չէ, գրում է en.irna.ir կայքը:

Ղաթիբզադեի խոսքով՝ այս ճգնաժամի լուծման եղանակն արդարադատության և պետությունների իրավունքների վրա ուշադրության սևեռումն է:

Մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը տարածաշրջանում արտաքին տարրեր չի հանդուրժելու:

Խոսելով երկրի հյուսիսարևմտյան հատվածում սահմանապահների սպանության մասին՝ Ղաթիբզաֆեհը հավաստիացրել է, որ Իրանը վճռականորեն արձագանքում է նման գործողություններին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որի համաձայն՝ ռուս խաղաղապահ ուժեր են տեղափոխվել ԼՂ: