Եվրախորհրդարանը հավանություն է տվել Թուրքիայի կառավարության ֆինանսավորման դադարեցման մասին հույն եվրապատգամավոր Նիկոս Անդրոուլակիսի առաջարկին, հայտնում է Greek Reporter-ը։

«Մենք դադարեցնում ենք Թուրքիայի, Ադրբեջանի եւ Բելառուսի կառավարությունների ֆինանսավորումը։ Որովհետեւ եվրոպական ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ պայմանն է մարդու իրավունքների պահպանումը, օրենքի եւ միջազգայիրն իրավունքի գերակայությունը»,- ասել է Անդրոուլակիսը խորհրդարանում ելույթ ունենալիս։

Անդրոուլակիսը, ով 2021 թվականի բյուջեի գծով արտասահմանյան գործերի կոմիտեի զեկուցողն է, առաջարկել է եվրոպական միջոցները հատկացնել Թուրքիայի հասարակական կազմակերպություններին, երկրի իրավապաշտպաններին, այլ ոչ թե Թուրքիայի կառավարությանը։

2014-2018 թվականներին Թուրքիան ընդհանուր ստացել է մոտ 3,6 մլրդ եվրո։ Անդրոուլակիսի խոսքով՝ ԵՄ միջոցները սահմանափակվել են 2020 թվականին 160 մլն եվրոյով, այս գումարն էր նախատեսվել նաեւ 2021 թվականի համար։