Կապանցի Արեն Արզումանյանն այն հայորդիներից է, որը զոհվեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում:

Այս լուսավոր երիտասարդը բազմաթիվ երազանքներ ուներ, սովորում էր Պոլիտեխնիկական համալսարանում, որոշել էր ծրագրավորող դառնալ, ծառայությունն ավարտել ու անցնել նպատակների իրականացմանն ու հայրենիքի շենացմանը: Հոկտեմբերի 11-ին նա քսան տարեկան դարձավ, ու բոլորը Արենի ֆեյսբուքի էջում շնորհավորանքներ էին գրում եւ մաղթում, որ հաղթանակած վերադառնա: Արենը, սակայն, ծննդյան օրվանից 2 օր անց զոհվեց:

Ու մնաց հավերժ քսան տարեկան: Նա պետք է դեկտեմբերին զորացրվեր, որոշել էր գեղեցիկ անակնկալ պատրաստել մոր, ընտանիքի անդամների համար, բայց հերոսի ծննդյան օրվանից երկու օր անց ընտանիքը գույժ ստացավ:

Հիմա վշտից կծկված նրա մոր մխիթարությունը որդու շիրիմին ամեն օր այցելության գնալն է: Թեեւ որդին չկա, մայրը` Ալվարդը հաշվում է, թե քանի օրից Արենը պետք է վերադառնար:

Մինչեւ վերջին պահը հարազատները հավատում էին, որ մի հրաշքով լուրը կհերքվի, ու իրենք նորից կգրկեն Արենին, որն իբրեւ տան ամենափոքր զավակ, իրենց խոսքով` «սնիկերսով պահած երեխա» այնքան փայփայված էր, ինչպես բոլոր կրտսերնեըը հայկական ընտանիքներում:

Ծաղիկ հասակում զոհված Արենը տան փոքրն էր, եղբայրները ծառայել են բանակում, ավագ եղբայրն ամուսնացել է ու փոքրիկ որդի ունի: Արենի երազանքն էր բանակից հետո այցելել Ռուսաստանում ապրող իր փոքրիկ եղբորորդուն, որին միայն լուսանկարներով էր տեսել:

Արենը դպրոցական տարիքից հարցասեր տղա էր, ամեն անգամ Երեւան գալիս` ծնողներին խնդրում էր իրեն տանել Մատենադարան, թանգարաններ, հետաքրքրված էր ֆիզիկայով, տեխնիկայով, ցանկացած համակարգիչ կամ հեռախոս կարող էր քանդել ու մաս առ մաս նորից հավաքել: Զինվորական ծառայության ընթացքում նա անընդհատ գրքեր էր խնդրում հարազատներից, ազատ ժամանակ զբաղվում ինքնակրթությամբ:

Պատերազմը սկսվելուն պես Արենին այլ զինվորների հետ տեղափոխել էին մարտական ակտիվ գործողությունների վայր: Արենը կարծես կանխազգացել էր իր զոհվելը, քանի որ մահից առաջ երազ էր տեսել, թե ինչպես է սեւազգեստ ու դիմակավորված մի մարդ կրակում իր վրա:

Այդ մասին կարճ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր մորը…Մայրն էլ էր կանխազգացել Արենի մահը: Այն ժամին, երբ որդին զոհվել է, մայրը քնից արթնացել է ու կանչել նրան, ասում է` զգացի, ինչպես որդիս ընկավ, մարմնի որ մասը վնասվեց:

Արենն այլ զինվորների հետ զոհվել էր խրամատի վրա ընկած հսկայական ռումբի պայթյունից, որոշ զինվորներ ծանր այրվածքներ էին ստացել, բայց ողջ մնացել:
Արենը երեխա ժամանակ էլ շատ ակտիվ էր, սիրում էր վազվզել, հարցեր տալ, խաղալիքներն ուսումնասիրել, մասնատել ու նորից հավաքել: Հիշում եմ, երբ երեխա էր ու մի անգամ մեր տանն էր, չնայած ցրտին ոտաբոբիկ ու բարակ շապիկով վազվզում էր:

Ու երբ մայրը նախատում էր, թե ցուրտ է, հագնվիր, երեխան Կապանի բարբառով դժգոհում էր. «Չէ, ես ցորտ ըմ սիրում»: Հիմա Արենը ցուրտ հողի տակ է` Կապանի եղբայրական գերեզմանում, սակայն հողը ջերմացել էր իր նման այլ Արենների թանկ աճյուններից, որոնք ամփոփված են Արենի կողքին: Արենի մայրը` Ալվարդը գիտի, որ որդին հերոս է, բայց այլ մայրերի նման կուզենար, որ հերոսները ապրեին երկրային կյանքով:

Լուսանկարները` Արեն Արզումանյանի ֆեյսբուքյան էջից