Վարչապետի որևէ հայտարարություն այլևս չի կարող կարևոր լինել. վարչապետի աթոռն զբաղեցրած մարդը ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ ցանկացած գնով պահել իշխանությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Երևանի Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռազմական դրության ընթացքում հասարակական կարգը պահպանելու համար կարող է ՀՀ զինված ուժերն օգտագործել:

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ այսօր ստացել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի դիմումը՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, որ ներկա լինի խորհրդի նիստին, որովհետև Նիկոլ Փաշինյանը, Զոհրաբյանի խոսքով, որոշել է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից:

«Խնդիրը մեկն է՝ յուրաքանչուր հանրահավաքից առաջ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, որ Գագիկ Ծառուկյանը չլինի այս հրապարակում»,- նշեց նա՝ ընդգծելով, թե Նիկոլ Փաշինյանը ցանկացած գնով, այդ թվում՝ ներհայաստանյան բախումներ հրահրելու, հային հայի դեմ հանելու գնով փորձելու է երկարաձգել իր իշխանությունը:

«Ինձ համար առնվազն հասկանալի է, որ Արցախը Ալիև-Էրդողան երկյակի առաջ ծնկի բերած անձնավորությունը ամեն գնով փորձում է ոչ միայն պահպանել իշխանությունը, այլև ստոր սադրանքներ է կազմակերպում ընդդիմադիր գործիչների, ղեկավարների և կոնկրետ Գագիկ Ծառուկյանի հանդեպ»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այսօր նաև ստացել են տեղեկություն, որ վաղն ԱԺ են տարվելու բավական թվով մարդիկ, որոնք, ըստ մամուլում տարածված լուսանկարների, զինվել են կառավարական ամառանոցում, և ԱԺ-ում փորձելու են սադրանքներ հրահրել: Այդ առթիվ պատգամավորը հրավիրեց ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, գլխավոր դատախազի ուշադրությունը:

Նա նշեց նաև, թե Լենա Նազարյանն իր էջում բռնության կոչեր պարունակող տեսանյութեր է հրապարակում, ինչի վրա հրավիրեց ՄԻՊ-ի ուշադրությունը: