Քիչ առաջ Facebook-ի Messenger օգտահաշվով ինձ զանգահարում է ոմն Կարեն, ով ամենավերջին սպառնալիքներն է հնչեցնում իմ եւ իմ կուսակցության հասցեին, սպառնում սպանել, վերացնել ինձ եւ ընդդիմադիր լիդերներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, դիմում եմ ձեզ

Երկրում ստեղծվել է տեռորի և հաշվեհարդարի մթնոլորտ։ Քիչ առաջ Facebook-ի Messenger օգտահաշվով ինձ զանգահարում է ոմն Կարեն, ով ամենավերջին սպառնալիքներն է հնչեցնում իմ եւ իմ կուսակցության հասցեին, սպառնում սպանել, վերացնել ինձ եւ ընդդիմադիր լիդերներին։

Այս ամենի նպատակը մեկն է՝ լռեցնել ինձ, լռեցնել իմ գործընկերներին։

Չի ստացվելու, հայրենադավները, հայրենիքի դավաճանները ամենածանր քրեական հոդվածներով պատժվելու են, հայրենիքի դավաճանները չեն ազատվելու ժողովրդի հաշվեհարդարից, Արցախը ծախողների անունը պատմության մեջ հավերժ գրվելու է որպես հայ ժողովրդի դավաճաններ եւ բոլորս էլ հասկանում ենք, որ սա ընդամենը օրերի հարց է։

Մեզ սպառնալով, մեզ վախեցնելով, մեր վրա տարբեր թափթփուկներ «քսի» տալով որեւէ մեկը չի ազատվելու պատասխանատվությունից։ Իրենց բաժին պատասխանատվությունից չեն խուսափելու նաեւ բոլոր նրանք, ովքեր այս օրերին լռում են, կամ սատարում են դավաճանությունը։

Տեղադրում եմ Messenger-ով ինձ եկած զանգի սքրինը:

Իմ այս գրառումն ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին և հույս ունեմ, որ հնարավորինս կարճ ժամկետում, պարոն գլխավոր դատախազ, դուք կբացահայտեք այս օգտահաշվից ինձ մահվան սպառնալիքներ հնչեցնողի ինքնությունը։

Չի հաջողվելու Հայաստանը վերածել բռնապետության, չի հաջողվելու մեզ լռեցնել։

Քրեական գործեր հարուցելով, ապուշագույն մեղադրանքներով կալանավորելով ընդդիմադիր լիդերներին, փորձելով կասեցնել քաղաքական կուսակցությունները, դուք ձեր իշխանավարումը չեք երկարաձգելու, չի ստացվելու»։