Այստեղ հավաքվածները մեր կուսակցական ընկերներն են: Քիչ առաջ 17 կուսակցութուններով տարածել ենք հայտարարություն, որ սա շինծու խայտառակ քրեական գործ է Նիկոլ Փաշինյանի կողմից կազմված և նրա հանձնարարականով և վաղը հանրահավաք է լինելու և կազմկոմիտեն կներկայացնի մեր քայլերը. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կարևոր է՝ հասարակության առողջ հատվածը միավորվի, որ ազատվենք ապաշնորհ ապազգային իշխանությունից Նիկոլի գլխավորությամբ: Հայրենիքի հանձնման ակտի բերածն ու ստորագրածը պետք է հեռանա: Մենք ասել ենք, որ սա իշխանության կռիվ չէ, սա հայրենիքը փրկելու կռիվ է, զոհասեղանին դրված է Հայաստանի անվտանգությունը և հայ ժողովրդի ապագան: Մարդ, որը մեր 30 տարվա բոլորի երազանքը սպանեց, 2021 թվականի մայիսի 9-ին որտե՞ղ է տոնելու եռատոնը, թե՞ էլ եռատոն չկա: Շուշիի ազատագրումը, որը 30 տարվա նորագույն Հայաստանի սիմվոլն է եղել, որտե՞ղ է լինելու»,- նշեց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ռուսական լրատվամիջոցները և քաղաքական գործիչները նշում են, որ Նիկոլ Փաշինյանին գրեթե ամեն օր առաջարկվել է արցախյան հարցի լուծման նոր տարբերակ, բայց ինքը հրաժարվել է. «Էրդողանը և Ալիևը սեպտեմբերի 27-ին չէին էլ կարող պատկերացնել, որ Հադրութն ու Շուշին իրենց վերահսկողության տակ կլիներ, էլ չեմ ասում այդ հազարավոր զոհերը»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք բոլոր օրինական մեթոդներով շարունակելու են պայքարել, կլինեն ազատության մեջ,  թե կձերբակալվեն, օրինական միջոցներով հասնելու են Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռանալուն: