Բելառուս ուժայինները Մինսկի կենտրոնում` Պուշկինսկայա մետրոյի կայարանի մոտ, որտեղ ընդդիմությունը չարտոնված ակցիա էր կազմակերպել, սկսել են ձերբակալել ցուցարարներին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այս կայարանի մոտակայքում տեղակայված է ցույցերի ժամանակ մահացած Ալեքսանդր Տարայկովսկիի հուշատախտակը: Մարդիկ ծաղիկներ էին խոնարհում հուշատախտակին: Առաջինը ձերբակալվել են մի տղամարդ և մի կին`հուշատախտակից ոչ հեռու:

Բացի այդ, ընդդիմության կողմնակիցները նախատեսում էին բողոքի երթ անցկացնել այդ տարածքում: Ձերբակալությունները տեղի են ունենում հիմնականում Օրբիտա հյուրանոցի մոտակայքում: Անվտանգության ուժերը բերման են ենթարկում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Ոմանք ծեծկռտուքի մեջ են մտել ոստիկանության հետ. այդ ցուցարարներից առնվազն երկուսին իրավապահները բռնի կերպով տարել են միկրոավտոբուսների ուղղությամբ:

Արդեն չորրորդ ամիսն է, ինչ Բելառուսում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր: Դրանք սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որոնցում, ըստ ԿԸՀ-ի, հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 80,1%-ը: Ընդդիմությունը չի ընդունում այս արդյունքները և հաղթող է համարում Սվետլանա Տիխանովսկայային: