Համացանցում շրջանառվող տեղեկությունը Թուրքիային զենք վաճառելու մասին ամբողջովին ապատեղեկատվություն է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Moston Engineering կազմակերպության սեփականատեր Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով, Moston Engineering կազմակերպությունը 02.04.2014 թվականին տենդերով Ղազախստանի Հանրապետությունում գնել է տարբեր տրամաչափերի 200.000.000-ից ավելի փամփուշտ։ Բոլոր գործարքները, որոնք բոլորը փաստագրված են, կատարվել են Ղազախստանի Հանրապետության և միջազգային օրենքների հիման վրա։ Տևական ժամանակ վերոգրյալ փամփուշտները տարբեր խմբաքանակով վաճառվել են մի քանի պետությունների՝ տվյալ երկրում ընդունված ընթացակարգերով։

«Թուրքիային վաճառելու տեղեկությունը ամբողջովին ապատեղեկատվություն է և ստոր մանիպուլյացիա։ Թուրքիային ոչինչ չի վաճառվել մեր կազմակերպության կողմից։ 2018 թվականի սկզբին Moston-ի ղազախական գրասենյակ թուրքական կազմակերպության կողմից հարցում է ուղարկվել, որը մերժվել է։ Այդ ժամանակ դեռ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար չէր։ Հավաստիացնում եմ, որ որևէ գործարք չի կնքվել, լիցենզիա չի տրվել և ապրանք չի մատակարարվել Թուրքիա։ Խոսքերիս հավաստիությունը ստուգելու համար կարող եք հարցումներ ուղարկել ղազախական պատկան մարմիններին և համոզվել, որ որևէ գործարք չի եղել»,–ասաց Գալստյանը։

Նրա պնդմամբ` համացանցում տարածված փաստաթղթերի մեծ մասը կեղծ են։ Ստիպված են պարզաբանել հատուկ նրանց համար, ովքեր չեն տարբերում հարցումն ուղարկելու և գործարք իրականացնելու տարբերությունը։

«Մի փաստաթղթի հիման վրա մնացածը ծաղկեցվել, հորինվել և հարմարեցվել է դրան։ Այն, որ հարցումներով կարող ենք դիմել տարբեր պետությունների տարբեր զինատեսակների մասին տեղեկատվություն ստանալու համար, կարծում եմ, որ գաղտնիք չէ։ Լավագույն տարբերակի փնտրտուքով՝ դա վերաբերում է որակին, գնին, անհրաժեշտության մակարդակին, մենք բազմաթիվ հարցումներ ուղարկել ենք տարբեր կազմակերպությունների, ինչը դեռ չի նշանակում, որ գործարք է իրականացվել։ Սա ստոր մանիպուլյացիա է։ Հարցումների փաստաթղթերը հրապարակելով միտում կա ցույց տալու, թե գործարքն իրականացվել է»,–նշեց նա:

Գալստյանը նաև հավելեց, որ տեղեկությունը, թե գնվել է այնպիսի փամփուշտ, որի կարիքը հայկական բանակը չի ունեցել (խոսքը վերաբերում է 23 մմ տրամաչափով փամփուշտներին) ևս սուտ է։

«Տվյալ անձինք պարզապես տեղյակ չեն, թե ՀՀ ԶՈւ-ն ինչ զինատեսակներով է համալրված կամ ՀՀ ՊՆ ինչի կարիք ունի: Ինչ վերաբերում է Ղազախստանից Հայաստան ներկրված այլ զինատեսակներին, ապա նշենք, որ պնդումը, թե հին արտադրության արկերը գնվել են 1500 ԱՄՆ դոլարով, անհիմն են: Վերջին տասը տարվա ընթացքում Ղազախստանի Հանրապետությունից գնվել է միայն նոր արտադրության մի տեսակի արտադրանք: Արկեր Ղազախստանից ընդհանրապես չեն գնվել, դրանք ձեռք են բերվել այլ երկրներից»,–պարզաբանեց Գալստյանը:

Նա ընդգծեց, որ ընդհանուր առմամբ, իրենց կազմակերպության կողմից ցանկացած զինատեսակի և ռազմամթերքի ներկրումն իրականացվում է բոլոր ընդունված միջազգային օրենքների և ընթացակարգերի հիման վրա: Դրանք անցնում են համապատասխան եռափուլ փորձարկումներ, ինչը ենթադրում է որակի ստուգում գործարանում, քանակական ստուգում պահեստում և յուրաքանչյուր խմբաքանակի նմուշների դաշտային փորձարկում։