Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի «հյուսիս» և «հարավ» պատասխանատվության գոտիներում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ria.ru-ն։

«Խաղաղապահ խնդիրների կատարման, հնարավոր միջադեպերի կանխման և ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար ուղիղ կապի ուղիներով շարունակական փոխգործակցություն է իրականացվում Հայաստանի և Ադբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ խաղաղապահ զորակազմի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ շարունակվում է։ Գործողության սկսվելուց ի վեր ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները կատարել են 95 չվերթ, 22-ը՝ վերջին օրվա ընթացքում:

Ավելի վաղ Կոնաշենկովը հայտնել էր, որ ԼՂ-ում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։

Նա նշել էր, որ «նոյեմբերի 14-ի դրությամբ շփման գծի երկայնքով խաղաղապահ գործողության անցկացման շրջանում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորակազմի 12 դիտակետեր, որոնք իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում»։

Կոնաշենկովը հստակեցրել էր, որ հարավում տեղակայվել է 14 դիտակետ, իսկ հյուսիսում՝ 3 դիտակետ, նախատեսվում է ավելացնել ևս 5 դիտակետ՝, ինչպես նաև նշել է, որ որ ռուս խաղաղապահների աջակցությամբ Շուշիում սկսվել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա: