ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանճարեղ դերասան Արմեն Ջիգարխանյանի մահը ծանր կորուստ է ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային մշակույթի համար, «ՌԻԱ Նովոստիին»-ին հայտնել Է Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շոլոխովը:

«Ցավոք, ամբողջ տարին և վերջին օրերը ուղեկցվում են նման տխուր լուրերով: Ժվանեցկիի (երգիծաբան Միխայիլ Ժվանեցկի) մահից հետո Արմեն Բորիսովիչի մահը ռուսական և համաշխարհային մշակույթի համար ծանր կորուստ է», — ասել է Շոլոխովը։

Նա հավելել է, որ Ջիգարխանյանի հետ հեռանում է «հին դպրոցի» մի ամբողջ սերունդ, որը հաճախ ոմանք ընկալում են որպես անցյալի մի մասունք։

«Դա այն հիմքն է, որի վրա հիմնված է, ինչպես գիտենք, ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային դերասանական արվեստը։ Դրա համար էլ հանճարեղ դերասանի կորուստը շատ մեծ ու ծանր է»,- հավելել է խորհրդարանականը։

Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:

Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է:

Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

Ջիգարխանյանը ԽՍՀՄ ամենաշատ նկարահանվող դերասաններից է եղել, կինոյում և հեռուստաֆիլմերում նա ավելի քան 250 կերպար է մարմնավորել: