Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին պարգևատրել է «Արիության շքանշանով», հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Պարգևը շնորհվել է ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին, մայոր Յուրի Իշչուկին (հետմահու) և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու)՝ զինվորական պարտքի իրականցման ժամանակ ցուցաբերած արիության և ինքնազոհության համար:

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է:

«Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանկով 17:30-ի սահմանում, Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ թռչելիս Երասխ բնակավայրի մոտակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգից միջոցով: Կատարվածի հետևանքով ուղղաթիռը կործանվել է՝ ընկնելով լեռնային տեղանքում»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: