Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ նոյեմբերի 21-ից երկիրը որոշ նոր սահմանափակումներ է մտցնելու` ամբողջ երկրում կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար, հաղորդում է Mehr-ը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը Ռոհանին նշել է COVID-19-ի աճի միտումն ամբողջ աշխարհում:

«Վերջին շաբաթներին, նախ` 43 քաղաքում, ապա` 46 քաղաքում, ընդհանուր` 90 քաղաքներում, մենք շատ սահմանափակումներ ընդլայնել ենք, բացի այդ անցյալ շաբաթ այդ սահմանափակումները տարածվել են որոշ նոր մարզերի վրա»,- ասել է նա:

Իրանի նախագահի խոսքով` կառավարության հիմնական նպատակն է իրանական ժողովրդին ավելի իրազեկ եւ ընկալունակ դարձնել նորմալ վիճակը գերազանցած համավարակի պատճառած իրավիճակի նկատմամբ:

«Հաջորդ շաբաթ օրվանից` նոյեմբերի 21-ից, յուրաքանչյուր շաբաթ սահմանափակումների ծրագիր կհայտարարվի եւ կիրականացվի ամբողջ երկրում` առանց որեւէ բացառության»,- ասել է Հասան Ռոհանին:

Նա հավելել է, որ Կորոնավիրուսի վերահսկման ազգային շտաբի մամուլի խոսնակը կբացատրի նոր սահմանափակումները երկրի քաղաքացիների համար: