Աֆղանական ուժերը ձերբկալել են Քաբուլում համալսարանի վրա կատարված դաժան հարձակման կազմակերպչին, որի արդյունքում տասնյակ ուսանողներ էին գնդակահարվել, հայտնում է AFP-ն:

Նոյեմբերի 2-ին զինված հարձակման արդյունքում զոհվել էր առնվազն 22 մարդ, 27-ը վիրավորվել էր: «Քաբուլի համալսարանի վրա հարձակման կազմակերպիչը ձերբակալվել է»,- Facebook-ի իր էջին գրել է Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը:

Նրա խոսքով`հարձակումը, որի արդյունքում երեք գրոհային էր սպանվել, կազմակերպել էր Ադիլ անունով զինյալը: Փոխնախագահը հավելել է, որ Ադիլը հավաքագրվել էր «Հաքանի» ցանցի կողմից:

«Հարձակումը կատարվել էր կառավարության վրա ճնշում գործադրելու, այն զրպարտելու եւ ստիպելու թույլ երեւալ ժողովրդի առջեւ»,- ասել է նա:

Սալեհը նշել է, որ Ադիլը շարիաթի օրենքների հետեւորդ էր Փանջշեր նահանգից, սակայն նրա ընտանիքն ապրում էր Քաբուլի ծայրամասում:

«Ադիլն անհետացել էր երեք տարով այն խոսակցությունների ֆոնին, որ նրան վերապատրաստում են պատերազմներին եւ մարտերին մասնակցության համար»,- ասել է Աֆղանստանի փոխնախագահը:

Նրա խոսքով` հարցաքննության ժամանակ Ադիլը խոստովանել է, որ  «Հաքանի» ցանցից զենք է ստացել համալսարանի վրա հարձակման համար:

Համալսարանի վրա հարձակվելուց անմիջապես հետո Աֆղանստանի իշխանությունները կատարվածի մեջ մեղադրեցին արմատական ​​«Թալիբան» շարժմանը, սակայն հարձակման պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն»-ը: