Նոյեմբերի 13-ին հյուրընկալել եմ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բարոնուհի Քոքսին երախտագիտություն եմ հայտնել Արցախի ժողովրդի համար ամենադժվար պահերին նրա ցուցաբերած աջակցության, Արցախում ծավալած մարդասիրական գործունեության համար:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձել ենք Արցախի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի եւ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 10-ի հայտարարությանն ու դրա դրույթներին եւ դրան հաջորդած զարգացումներին:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը ներկայացրել է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը պատշաճորեն դատապարտելու եւ Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների ու ազատությունների համար արդար պայքարի մասին բարձրաձայնելու ուղղությամբ պատերազմի ընթացքում միջազգային տարբեր հարթակներում իր կողմից ձեռնարկված քայլերը, ընդգծել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությունը»: