Այսօր մենք նախատեսել ենք ոգեկոչման միջոցառում, հարգանքի տուրք մեր հերոս նահատակված տղաների, հարգանքի տուրք մեր հազարավոր զինվորների, որոնք նահատակվեցին Արցախի համար, այն Արցախի, որը դավաճանական մեկ ստորագրությամբ վաճառվեց թուրքին: Այս մասին Ազատության հրապարակում պատերազմի զոհերի հիշատակին կազմակերպված ընդդիմության մոմառությանը ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք այսօր մեր հարգանքի և ոգեկոչման խոնարհումն ենք բերելու մեր այն զինվորներին, որոնք մինչև վերջ կանգնեցին առաջնագծում, շատ դեպքերում թշնամու ԱԹՍ-ների դեմ բաց ձեռքերով, բայց 1 միլիմետր անգամ չնահանջեցին, այն տղաներին ենք ոգեկոչելու, ում շատերը անվանեցին դասալիքներ, ում շատերը փորձեցին անվանել՝ չցանկացան կռվել դրա համար մենք պարտվեցինք, ոգեկոչելու ենք նրանց, ում անունից այստեղ փորձեցին հայտարարել՝ միևնույնն է կռվեինք, թե չկռվեինք Շուշին պետք է հանձնվեր»,- ասաց նա:

Նա նշեց, որ լուռ երթը գլխավորելու է լեգենդար բժիշկ, ՀՅԴ ԳՄ անդամ, պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում զինվորներին օգնություն ցուցաբերած բժիշկ Տարոն Տոնոյանը:

Նա նշեց, որ շատ դժվար է զսպել էմոցիաները,  շատ դժվար է չանդրադառնալ այն հայտարարություններին, որտեղ փորձ է արվում մեղքն անընդհատ բարդել զինվորի, թիկունքի վրա, բայց այսօր պետք է սեղմեն իրենց ատամները, պետք է լռեն ու պարզապես հարգանքի տուրք մատուցեն զինվորների հիշատակին:

«Այդ զինվորները դարձան նրանց համար հեռուսատեսությամբ հայտարարվող տող, նրանց համար պարզապես անուն-ազգանուններ էին, նույնիսկ թույլ չտվեցին զինվորների հրաժեշտը նկարահանվի և հրահանգ եղավ քաղաքից հանել սև լենտերը, որովհետև իրենց քարոզչության, արծրունյան քարոզչության շրջանակներում չէր մտնում:

Մինչդեռ այդ տղանները անուն-ազգանուն չէին, որ մեկ տողով հաղորդում էին օրվա լրահոսում: Ես ամաչում եմ որպես մայր, որպես կին, որ չկարողացանք այս ամենը կանգնեցնել, չկարողացանք բռնել այն մարդու ձեռքը, որին արդեն գալիս են փաստեր հաստատելու, որ պատերազմի 5-րդ օրը, 10-րդ օրը առաջարկվել են շատ ավելի շահեկան պայմաններ Արցախի ու Հայաստանի համար, բայց նա կատեգորիկ հրաժարվել է դրանցից»,- շեշտեց պատգամավորը: