«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը Facebook-ի իր էջում 10 կետից բաղկացած քայլեր է նշել, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս պահին:

Նրա գրառումը ներկայացնում ենք ամնողջությամբ.

«10 կետ, որը պետք է անհապաղ իրականացնել ՀՀ և Արցախի անվտանգության պահպանման անհրաժեշտության համար.

1. Փաշինյանը պարտավոր է անհապաղ հրաժարական տալ:

2. Պետք է կազմավորվի Ազգային միասնության ժամանակավոր կառավարություն՝ 6 ամիս ժամկետով:

3. Ժամանակավոր կառավարությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի կապիտուլյացիայի մասին ստորագրված փաստաթղթի կետերը փոխելու՝ հայկական կողմի համար առավել ընդունելի ասպեկտներով:

4. Ժամանակավոր կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագիր պետք է ստորագրի՝ ավելի սերտ և ռազմավարական գործընկերության և հետագայում նոր հզոր աշխարհաքաղաքական դաշինք ստեղծելու մասին:

5. Մոտ ապագայում այս նոր դաշինքի մեջ կարող են մտնել նաև Արցախը՝ Շուշի, Հադրութ և Քարվաճառ քաղաքներով:

6. Ժամանակավոր կառավարությունը պետք է երաշխավորի Փաշինյանի և նրա ընտանիքի անվտանգությունը:

7. Ռազմական և դիվանագիտական աղետի պատճառները պարզելու համար պետք է ստեղծվի հանձնաժողով, որը բաղկացած կլինի անկուսակցական, պրոֆեսիոնալ մասնագետներից։

8. Ռազմական արդյունաբերության ոլորտն ու Ազգային բանակի մասնագիտորեն կազմված պահեստազորը մեր պետության մեջ պետք է հայտարարվեն ամենաառաջնահերթ ոլորտներ:

9. Ռազմավարական նշանակություն պետք է տրվի Սփյուռքի հետ աշխատանքին և ամբողջ աշխարհում հայ ժողովրդի ներուժի ճիշտ պլանավորմանը:

10. 6 ամսից պետք է հայտարարվեն ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ և Ազգային միասնության ժամանակավոր կառավարության լուծարում:

Հ. Գ. 6 ամսից Նիկոլ Փաշինյանը կարող է կրկին վարչապետ դառնալ, եթե ժողովուրդը համոզվի, որ պատերազմի ընթացքում նա արել է ամեն հնարավոր և անհնարին բան, և որ իր ներկայիս փաստարկները ճշմարիտ են: