Փաշինյանի եւ «Իմ քայլի» իշխանության ավարտը բացառապես տեխնիկական լուծումների փուլում է. ե՞րբ եւ ինչպե՞ս հարցերը, անշուշտ, կստանան իրենց պատասխանները. Իշխանափոխությունը մեծ հաշվով արդեն տեղի է ունեցել։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մտածել, թե նրան եւ նրանց կհաջողվի պահպանել իշխանություն, անլուրջ է հետեւյալ պարզ պատճառներով.

Անվտանգության խնդիր. Փաշինյանի եւ «Իմ քայլի» ղեկավարությամբ Հայաստանը պարտվել է, հետեւաբար՝ երկրի բնակչությունն իրեն անվտանգ այլեւս չի զգում եւ չի զգալու։ Ժողովուրդն ունի պարզ խնդիր՝ ունենալ իշխանություն, որի օրոք ինքն իրեն անվտանգ կզգա։ Ժողովուրդը վստահ չէ, որ Փաշինյանը նոր պատերազմի մեջ չի ներքաշի իրենց եւ նոր ողբերգության չի բերի։ Նույն պատճառով իրենց անվտանգ չեն կարող զգալ նաեւ այն արցախցիները, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրերը։

Անհնար է պատկերացնել Ալիեւ-Փաշինյանի բանակցություններ։ Հայ-ադրբեջանական բանակցություններ անպայման պետք է տեղի ունենան, բայց անհատական նման ստորացումից հետո Փաշինյանի մասնակցությամբ բանակցություններ ուղղակի անհնար է։ Դա կլինի Հայաստանի թե´ ստորացումը, թե´ պարտությունը։ Ուղղակի անհնար է դա պատկերացնել։

Վստահության խնդիր։ պատերազմի ողջ ընթացքում Փաշինյանի իշխանությունը խաբել է ժողովրդին։ Ընդ որում՝ խաբել է ամենակարեւոր հարցում՝ ցինիկաբար եւ բացառապես իր աթոռի համար։ Հասարակությունն այլեւս չի հավատալու այդ մարդուն եւ նրա իշխանությանը՝ որեւէ հարցում։ Անհնար է պատկերացնել երկրի կառավարում, երբ ժողովուրդը ողբերգական փորձի արդյունքում տոտալ չի հավատում իր իշխանությանը։

Հասարակության զգալի մասի մոտ արմատավորված է Փաշինյանի հոգեկան անհավասարակշռության մասին վարկածը, ինչի մասին գրեթե բաց խոսում են ԱԱԾ երկու նախկին պետերը (ընդ որում՝ Փաշինյանի նշանակած)։

Առաջիկա շաբաթներում Հայաստանը հայտնվելու է ծանրագույն տնտեսական ճգնաժամի մեջ, որն իր մաշկի վրա է զգալու յուրաքանչյուր քաղաքացի. 100 հազար փախստական, հարկերի հավաքագրում, բիզնեսի անկում, ֆինանսական կայունության խնդիր, եկամուտների էական նվազում եւ այլն։

Մթնոլորտը երկրում գնալով դառնալու է պայթյունավտանգ եւ միակ կոնսոլիդացիոն գաղափարը դառնալու է «քայլ արա՝ մերժիր Նիկոլին» բանաձեւը։

Այս փունջով աշխարհի որեւէ իշխանություն չի կարող գոյատեւել։ Մեր փունջը շատ ավելին է։ Ինչ է լինելու առաջիկայում։

ա/ Հասարակության նորանոր շերտեր են գիտակցելու մեր պատմական կորստի իրական չափը։ Ընկալելի է դառնալու մարդկային կորստի ողբերգականության իրական չափը։

բ/ Իշխանությունը եւ հասարակությունը տարանջատվելու են. ունենալու ենք բացառապես լայվի վարչապետ, որը մարդկանց հետ այլեւս ուղիղ չի կարողանալու շփվել, եւ ունենալու ենք «Իմ քայլի» խմբակցություն, որի յուրաքանչյուր անդամ իր վրա, ամեն պահի զգալու է հասարակության, մեղմ ասած, ոչ բարյացակամ վերաբերմունքը

գ/ սոցիալական սուր խնդիրների ավելացմամբ չարությունը իշխանության հանդեպ սաստկանալու է։

դ/ «Իմ քայլի» պատգամավորները եւ պետական համակարգը սկսելու են չդիմանալ ճնշումներին. արձանագրվելու է պատգամավորների եւ տարբեր կարգի պաշտոնյաների հրաժարականներ եւ տարանջատում Փաշինյանից։

Այս պրոցեսին զուգահեռ՝ կազմավորվելու է ոչ իշխանական բեւեռը, իր լիդերներով եւ գրագետ ձեւակերպված ծրագրով։

Իշխանափոխության՝ ե՞րբ եւ ինչպե՞ս հարցերը ստանալու են իրենց պատասխանները։ Դա անշուշտ լինելու է մոտ ապագայում եւ խիստ ցանկալի է՝ խաղաղ ճանապարհով։