Շվեդիայի հանրային առողջապահական գործակալությունը խոստովանել է, որ աշնանը երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի վերաբերյալ կանխատեսումը սխալ էր:

Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը հույս ուներ, որ աշնանը երկրում համաճարակաբանական իրավիճակը կոլեկտիվ իմունիտետի զարգացման պատճառով ավելի լավը կլինի, քան սկանդինավյան մյուս պետություններում, որոնք կարանտին են մտցրել, ինչպիսիք են Ֆինլանդիան եւ Նորվեգիան, հայտնում է ՌԲԿ-ն:

Իրականում պարզվեց, որ Շվեդիայում COVID-19-ով հոսպիտալացվածների թիվն այժմ ավելի արագ է աճում, քան Եվրոպայի ցանկացած այլ երկրում, հայտնում է The Financial Times-ը: Ստոկհոլմում վարակի ախտորոշման յուրաքանչյուր հինգերորդ թեստի արդյունքը դրական է:

Կառավարության` COVID-19-ի դեմ ընտրված ռազմավարության քննադատ, վարակաբան Լենա Էյնհորնը կարծում է, որ վիրուսի նկատմամբ շվեդական մոտեցումը ձախողվել է: «Չորս օր առաջ մենք մեկ շնչի հաշվով մենք ութ անգամ ավելի շատ դեպքեր [կորոնավիրուսով վարակման] ունեինք, քան Ֆինլանդիան, եւ 3.5 անգամ ավել, քան Նորվեգիան: Իսկ աշնանը նրանց դրությունը պետք է ավելի վատ լիներ, քանի որ մեզ մոտ պետք է իմունիտետ հայտնվեր»,- ասել է Էյնհորնը:

Այս պահի դրությամբ Շվեդիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 171 365 դեպք, մահացել է 6 122 մարդ: Նոյեմբերի 5-ին համավարակի սկզբից ի վեր ռեկորդային թվով մարդ է հիվանդացել COVID-19-ով` 4744 դեպք: Ֆինլանդիայում վարակվածների թիվը, ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, ներկայումս գերազանցում է 18.5 հազարը, իսկ Նորվեգիայում գրանցվել է ավելի քան 27.2 հազար դեպք:

Գարնանը Շվեդիայի իշխանությունները հրաժարվեցին խիստ սահմանափակումների ներդրումից ՝ հուսալով, որ կորոնավիրուսի տարածումը ինքնաբերաբար կդադարի կոլեկտիվ իմունիտետի զարգացման շնորհիվ: