Շուշին, այո՛, ընկել է, և ընկնելուց հետո երկու անգամ հետ ազատագրելու փորձեր են եղել, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին փորձն ընդհանրապես չի ստացվել, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել և դիրքավորվել Շուշիում։ Այդ խմբին, սակայն, չի հաջողվել զարգացնել հաջողությունը և, ըստ էության, Շուշին շարունակել է մնալ ընկած», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց՝ շատ միֆեր կան Շուշիի հետ կապված։ Իրեն այդ օրերին լուր են տվել, որ 50 հոգանոց հայկական խումբ կա քաղաքում։

«Բնականաբար, այդ իրավիճակում ես կոնտակտ խնդրեցի, թե ով կա այդ խմբում։ Հետագա պարզաբանումների ընթացքում պարզվեց, որ այդ անձն իրականում գտվում է Ստեփանակերտում։ Նկատի ունեմ, որ շատ դեպքերում տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքվում էին», — ասաց վարչապետը։