Aravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանին հարցրեց՝ նախապես տեղյակ եղե՞լ է, որ ՀՀ վարչապետի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև  եռակողմ համաձայնագիր է ստորագրվելու, որով Արցախի զգալի հատվածն անցնելու է թշնամուն, պատրա՞ստ է  արդյոք կիսել պատասխանատվություն այս ամենի, թե՞ գերադասում է մանդատը վայր դնել։ «Ես լիարժեք կիսում եմ վարչապետի ու մեր քաղաքական թիմի հետ պատասխանատվությունը։

Նախապես տեղյակ լինելու մասին էլ ասեմ, որ 88 պատգամավորներին, մանավանդ այդպիսի արագ զարգացող իրադարձությունների ժամանակ, չեմ կարծում, որ հնարավորություն է եղել բոլորին իրազեկել, նրանց հետ քննարկել։

Իրադարձությունները բավական արագ են զարգացել և ամեն  րոպե, ամեն վայրկյան ինչ-որ բան է փոխվել այդ ընթացքում, իսկ պատասխանատվության մասով, նորից եմ ասում, իմ քաղաքական թիմի հետ լիարժեք կիսում եմ, և ցանկացած մեկը, ով քաղաքական թիմից չի կիսի, ես դասալքություն եմ  համարում»,-ասաց պատգամավորը։ Մենք նաև կարծիք հարցրեցինք վարչապետի հրաժարականի պահանջի մասին՝ հետաքրքրվելով՝ չարժի՞ որ կառավարության պարտված ղեկավարը հենց այս պահին հեռանա։

«Չարժի տալ հրաժարական, նախ պիտի հասկանանք՝ ովքեր են հրաժարական պահանջողները․ համաձայնագրի ստորագրումից րոպեներ անց մարդիկ պատրաստված կառավարության շենքում էին, հետո Ազգային Ժողովի․․․ Ազգային Ժողովի նախագահի հետ կատարվածից տեղյակ եք, այսինքն՝ իմ մտածելով, պլանավորված ծրագիր ունեին․ «Նիվաներ»-ով, կամավորներով ներկայանում էին, թե հավաքագրում ենք անում, հավաքագրման նպատակը հենց դա էր․․․

Վարչապետը պարբերաբար հանդիպումներ էր ունեցել տարբեր՝ և՛ խորհրդարանական ընդդիմության, և՛ արտախորհրդարանական ընդդիմության հետ և ներկայացրել է ընթացիկ իրավիճակը, իմ պատկերացմամբ՝ նրանք պատրաստվել էին այդ օրվան, որպեսզի հեղաշրջման փորձեր կատարեն։