ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաջորդ շաբաթ Իսրայել այցի շրջանակում կայցելի Գոլանի բարձունքներ եւ Արեւմտյան ափի իսրայելական բնակավայրեր, հայտնում է Axios-ը։

Դրանով Պոմպեոն կդառնա ԱՄՆ առաջին պետքարտուղարը, որը կայցելի տարածքներ, որոնք միջազգային հանրությունը համարում է Իսրայելի կողմից անօրինականորեն օկուպացված։

Կարծիք կա, որ Պոմպեոն մտադիր է հանրապետականների կողմից իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականի նախագահական ընտրություններում, եւ Գոլանի բարձունքներ ու Արեւմտյան ափ այցելելու ծրագրված երթուղին նրան հնարավորություն է տալիս ուժեղացնելու իր դերը Իսրայելի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականության փոփոխության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչել է 2019 թվականի մարտին, ինչը փոխել է ԱՄՆ քաղաքականությունը, որը տարածքն օկուպացված էր համարում այն ժամանակից ի վեր, երբ Իսրայելը 1967 թվականի Վեցօրյա պատերազմում այն զավթեց Սիրիայից։

Axios-ը հայտնում է, որ Պոմպեոն, ինչպես սպասվում է, Արեւմտյան ափին կայցելի Պսագոտ բնակավայրի գինու գործարան։

Թրամփի վարչակազմը հոկտեմբերին չեղարկել էր իսրայելական բնակավայրերում գիտական, հետազոտական եւ գյուղատնտեսական նախագծերի մեջ ԱՄՆ ներդրումների սահմանափակումները։