Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ելիսեյան պալատը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել նպաստելու, որպեսզի գտնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, կայուն և բոլոր կողմերի համար ընդունելի լուծում:

«Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման առումով, հիշեցրել է Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր բարեկամության մասին, ինչպես նաև հայտնել է իր պատրաստակամությունը՝ գտնելու երկարաժամկետ և ընդունելի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի համար»,-ասված է հաղորդագրությունում:

Իսկ երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ընդունել է Երեւանում դեսպանատների դիմաց ակցիա անող հադրութցիներին, որոնք տեղահանվել են պատերազմի հետեւանքով: Ջոնաթան Լաքոտը լսել է նրանց եւ ասել, որ Ֆրանսիան գիտե իրենց խնդիրը, բարձրաձայնում է այն, եւ բաց դուռ կապահովի նրանց խնդիրը լսելի դարձնելու համար: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ երկրի նախագահ Մակրոնը հանդիպում է ունենալու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եւ Ֆրանսիան ասել է, որ եռակողմ համաձայնագրում պետք է լինի Հայաստանի շահը:

Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ պետք է դրվի վերջին շաբաթներին Լեռնային Ղարաբաղում տեղահանված բնակչության վերադարձի խնդիրը:

Մանրամասները՝ տեսանյութում