Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում և բանակցային տեքստերում կան բազմաթիվ անորոշություններ՝ ինչպես մեր ստորագրած հայտարարությունում, որտեղ կարելի է մեկնաբանել այսպես, այնպես, որտեղ, ըստ էության, բանակցային բովանդակության 70 տոկոսն անորոշ և մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումներ են, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում ընդամենը մի բան կա, որը եղել է որոշակի՝ Ադրբեջանին 7 շրջանի վերադարձը: 25 տարի այս ձևակերպումը դրված է եղել մեր սեղանին, և չենք ասել՝ չէ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ազգային ինքնորոշում՝ ի՞նչ է դա նշանակում գործնականում՝ Ադրբեջանը տվել է իր մեկնաբանությունը, որ իր կազմում թող ինքնորոշվեն», — ասաց վարչապետը:

Ադրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Քանի որ երկար աշխատել է և արդյունք է պետք եղել, կոնսենսուսի է եկել՝ քանի որ մեկ կոնկրետ հարց կա, որի անհրաժեշտության մասին բանավեճ չկա, եկեք համաձայնության գանք, որ տարածքների հարցը 5+2-ով լուծենք: Այս իրավիճակի հետ է կապվում նաև, որ հաճախ՝ նախկինում էլ, հիմա էլ, քննարկվել է սցենարով պատերազմի հնարավորությունը, բայց այս պատերազմի առանձնահատկությունը նրանում է, որ այն հայկական կողմից ոչ թե այդ սցենարը իրագործելու նպատակ է ունեցել, այլ այդ սցենարին դիմադրելու նպատակ է ունեցել»:

Փաշինյանի խոսքով՝ դա ամենակարևոր նրբությունն է ողջ պատմության մեջ: