Համատեղ հայտարարության որոշումն, ըստ էության, մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամանաբանության մեջ է տեղի ունեցել, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նույնն է, եթե ասենք՝ մեր ստորաբաժանումը ինչ-որ մի տարածքից հետ է քաշվել, կամ ինչ-որ տարածքում որոշել է գրոհել՝ ինչո՞ւ այդ հարցը չի քննարկվել ԱԺ-ում», — ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ փաստաթութը ոչ միայն հանձնելու, որքան պահպանելու մասին է, ստեղծվել է մի իրավիճակում, երբ կանխատեսելի կորուստները, ռազմական գնահատականով, անխուսափելիորեն պետք է տեղի ունենային:

Անդրադառնալով քննարկումներին՝ վարչապետն ասաց, որ քննարկման տրամանաբանությունը պետք է հասկանալ.

«Ի՞նչ են առաջարկում անել՝ հետ պտտե՞լ, վերսկսե՞լ ռազմական գործողությունները, թե՞ ինչ սցենարով գնալ»:

Վարչապետի խոսքով՝ քննարկում, որպես այդպիսին, դեռ նոր պետք է սկսվի.

«Քննարկումը դիվանագիտական բնույթի է, դա, կարծում եմ, տեղի կունենա շատ երկար, որովհետև ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ սա ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է»:

Փաշինյանն ընդգծեց, որ սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ:

«Կան նախադասություններ, որոնք պետք է դառնան քաղաքական բովանդակություն: Այդ փուլում քննարկումներ տեղի կունենան, այդ դեպքում էլ քննարկման հիմանական ֆորմատը լինելու է կառավարության ներսում»: