ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը դեմոկրատ Բայդենի հաղթանակի դեպքում կարող է հայտարարել 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, գրում է The New York Times-ը` վկայակոչելով աղբյուրները:

Թրամփի որոշ խորհրդականներ նշում էին, որ հանրապետականը կարող է խոստովանել ընտրություններում կրած պարտությունը մինչեւ այս շաբաթվա վերջ: Սակայն նրա որոշումը կարող է որոշ չափով հետաձգվել Ջորջիայում վերահաշվարկի ֆոնին, որը, ինչպես սպասվում է, կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը:

Ընդ որում, ըստ հրապարակման աղբյուրների, Թրամփն իր խորհրդականների հետ անձնական զրույցներում նշել է, որ Բայդենի հաղթանակի մասին պաշտոնական հայտարարումից հետո կհայտարարի նախագահի պաշտոնում առաջադրվելու ծրագրերի մասին 2024 թվականի վերջին նախատեսված ընտրություններում: Ըստ թերթի աղբյուրների` ԱՄՆ առաջնորդը տեղյակ է, որ հաղթելու իր հնարավորությունները փոքր են նույնիսկ վերահաշվարկի դեպքում: Ընդ որում, նա, իբր, փորձում է ուժեղացնել հանրապետական ​​ընտրողների աջակցությունը, որը կարող է իրեն օգտակար լինել ընթացիկ ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Թրամփը քայլեր է մշակում` նպատակ ունենալով ուզուրպացնել Միացյալ Նահանգների Հանրապետական ​​կուսակցության ազգային կոմիտեն եւ հող ստեղծել 2024 թվականին կրկին երկրի նախագահ դառնալու փորձի համար: Այդ ժամանակ Թրամփը կլինի 78 տարեկան:

Ամերիկյան պատմության մեջ կա մի նախադեպ, երբ ԱՄՆ նախագահին չհաջողվեց վերընտրվել, սակայն չորս տարի անց նա հաղթեց ընտրություններում: Դեմոկրատ Գրովեր Քլիվլենդը 1888-ի ընտրություններում  պարտվեց հանրապետական ​​Բենյամին Հարիսոնին, սակայն հաղթեց 1892-ի ընտրություններում` պատմության մեջ դառնալով ԱՄՆ միակ նախագահը երկու հերթական համարներով` 22-րդ եւ 24-րդ: