Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետեւ նա այլեւս ի վիճակի չէ ապահովել հայության, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը։ Դրա բարոյական իրավունքն էլ չունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մի մարդ, որը հայտարարում էր, թե ԼՂ հակամարտության հարցը կքննարկի հրապարակում, էդ 2 մլն 999 հազար 999 վարչապետերին արհամարհելով գաղտնի գիշերային պայմանագիր ստորագրեց, ո՞ւմ էր հարցրել, էլ չեմ ասում, որ 44 օր խաբեց ժողովրդին, թե հաղթելու ենք, առաջ ենք գնում, այն դեպքում, երբ քաղաքական ուժերը իր հետ հանդիպանն ասել են, որ հնարավորինս շուտ կարելի է ավարտել այս պատերազմը, հնարավորինս քիչ մարդկային եւ տարածքային կորուստներով, եւ ամեն օրը ձգելով հասանք նրան, որ ստորագրվեց կապտուլյացիայի ակտ, եւ այդ ակտ ստորագրող ղեկավարը իրավունք չունի ղեկավարել հայ ժողովրդին։ Այսօր զոհասեղանին դրված է Հայաստանի՝ Սյունիքի ճակատագիրը»,- ասաց նա։

Շարմազանովը հայտարարեց, թե իրենք իշխանության չեն ձգտում, այլ պայքարում են, որ վարչապետը անցնցում հեռանա, որովհետեւ նրա սխալների պատճառով հայ ժողովուրդը կանգնել է այս խայտառակ իրավիճակի առաջ։

ՀՀԿ խոսնակը լրագրողի հարցին ի պատասխան, թե վարչապետի հետ երկու հանդիպումների ընթացքում ստորագրված փաստաթղթի մասին խոսակցություն եղե՞լ է, որովհետեւ վարչապետի խոսնակը հայտարարել է, որ թե՛ արտախորհրդարանական, թե՛ խորհրդարանական ուժերը տեղեկացված են եղել իրավիճակի մասին, ասաց՝ ոչ։

«Դա լկտի սուտ է, ո՞նց են դրա մասին խոսում, երբ ես վարչապետի հետ հանդիպել եմ հոկտեմբերի 19-ին, երբ Շուշիի մասին խոսք չկար։ Իրենց ասելով թուրքը Շուշիից 200 կմ հեռու էր, մինչեւ վերջին պահը վարչապետն ասաց, որ Շուշին մեր վերահսկողության տակ է, ոնց են դրա մասին խոսել։ Ընդհակառակը՝ այդ հանդիպումներին մենք ենք մտահոգություն հայտնել, որ վիճակը լավ չէ, պետք է կանգնեցնել պատերազմը, դիմել մեր ռազմավարական դաշնակցին, մարդկային եւ տարածքային կորուստներով ավարտենք այս պատերազմը, բայց որեւէ կոնկրետ պատասխան չենք ստացել, ստացել ենք այն, որ պաշտոնական քարոզչությունն ասել է՝ հաղթելու ենք»,- պատմեց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե տեսակտներ են շրջանառվում, որ ՀՀԿ-ն գիտեր, որ այսպես է լինելու, դրա համար էլ  2018-ին իշխանությունը հանգիստ հանձնեց, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց․

«Գլուխները պատովն են տալիս, երբ էդպես են խոսում։ ՀՀԿ-ն հանգիստ չի հանձնել իշխանությունը, մենք միակ ուժն ենք եղել, որը չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Իմ եւ գործընկերներիս դագաղներն ու սեւ լենտերն էին հանում փողոցներ, շամպայն ու փուչիկներ էին բարձրացնում, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հերիք է մեղավորներ փնտրեք։ Ես այն եզակի գործիչներից եմ եղել, որ ամենօրյա ռեժիմով այս իշխանության սխալ քայլերի դեմ պայքարել եմ, ասել եմ՝ սրա նպատակը մեկն է՝ անվտանգության խնդիրներ ստեղծել եւ Ղարաբաղի հակամարտությանը ոչ հայանպաստ լուծում տա»,- հավելեց նա։