ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ակտիվորեն աշխատում է հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության հարցը լուծելու համար: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը նշեց, որ այդ համագործակցության արդյունքում հնարավոր է եղել Հայաստանում գտնվող մոտ 158 արցախցու զբաղվածությունն ապահովել:

«Սննդատեսակների պատրաստում, կար ու ձև, ձեռագործ աշխատանք և այլն: Այս և այլ աշխատանքի առաջարկներով բազմաթիվ արցախցի կանայք կարողանում են օրավարձով վաստակել: Ասեմ, որ ունենք նոր առաջարկ կարի արտադրամասերից: Սեփականատերերը մեզ դիմել են և ընդհանուր 300 հոգու կարող են աշխատանքի ընդունել սպիտակեղենի արտադրամասում»,-ասաց Միքայել Վիրաբյանն՝ ընդգծելով, որ զբաղվածության հարցերի հետ կապված կարճաժամկետ լուծումներ են մշակվում:

Նա հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի հետ և շատ մոտ ապագայում լուծումների մասին տեղեկությունը կներկայացվի: