Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին եւ եւս մի քանի հոգու: Նրանց մեջ էին նաեւ «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանն ու «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Հակոբյանը:

Նշենք, որ դրանից րոպեներ անց մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի սկզբում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ ասուլիսից առաջ ՀՅԴ գրասենյակ եկան ԱԱԾ աշխատակիցները եւ բերման ենթարկեցին մի քանի հոգու. «Ինչպես տեսնում եք քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է: Քաղբանտարկյալներ մենք ունենք արդեն երեկվանից, որովհետեւ դեռ հանրահավաքը չսկսած արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը»: