Քաշաթաղում ապամոնտաժվում է ազատամարտիկների հիշատակին նվիրված պուրակը։ Ապամոնտաժումը ցուցադրող լուսանկարը հրապարակել է եկեղեցաբան Էդգար Վարդանյանը։

«Սեփական ձեռքերով ապամոնտաժվող ազատամարտիկների հիշատակին նվիրված պուրակ` Քաշաթաղում»,- լուսանկարին կից գրել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա:

Ըստ հայտարարության տեքստի, որը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում՝ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին Քելբաջարի շրջանն է վերադարձնում, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Աղդամի շրջանն Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձվում մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: