Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում երկրապահների մասնակցության և Արցախում ստեղծված իրավիճակի մասին: Ինչպես տեղեկացնում է Երկրապահ կամավորականների միության կայքէջը, Սասուն Միքայելյանն իր հայտարարության մեջ նշում է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երկրապահ ջոկատներն առաջիններից էին, որ կրեցին հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը:

«Ավելի քան 3500 երկրապահ՝ հերթափոխով, այս օրերին մարտնչում էր Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար: Ցավոք մեր շարքերն էլ նոսրացան. այդ 44 օրերի ընթացքում Երկրապահը 69 զոհ տվեց, ունենք 2 անհայտ կորած, 1 գերի, 74 վիրավոր: Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ: Հպարտանում եմ Ձեզանով, Ձեր քաջ զավակներով: Մենք այս օրերին տեսանք թե ինչ սերունդ եք դուք դաստիարակել՝ քաջ, անվախ եւ, որ ամենակարեւորն է՝ հայրենասեր»,- ասել է Միքայելյանը:

ԵԿՄ նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը դեռ պատերազմի մեջ է և եթե տրվի քաղաքական սադրանքների, ավելի մեծ կորուստների առջեւ կկանգնի:

«Կխնդրեի արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք եւ շարունակել շենացնել այն: Մենք մեր Արցախ աշխարհը, մեր արցախցուն երբեք մենակ չենք թողել եւ չենք թողնի»,- եզրափակել է Միքայելյանը: