Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջեւ տեսակապով բանակցությունների արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին:

«Բանակցությունների արդյունքներով ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիր»,- ասել են ռազմական գերատեսչությունում: Հուշագրով սահմանվում են համատեղ մոնիթորինգի կենտրոնի խնդիրները եւ սկզբունքները:

Նշվում է, որ կենտրոնը կիրականացնի կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման եւ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու այլ գործողությունների մասին տեղեկատվության հավաքագրում, ընդհանրացում եւ ստուգում։ Նրա վրա նաեւ դրված է տեսողական դիտման, անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով խախտումները գրանցելու խնդիր: Կենտրոնը կդառնա ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների հետ կապված ցանկացած բողոք, հարց կամ խնդիր դիտարկելու մարմին:

Հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում: