Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք է բերվել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնություն:

Տեղեկությունն անսպասելի էր հայ հասարակության համար, քանի որ այդ որոշումը փաստացի կայացվել էր «գաղտնի»: Հենց նույն օրն իսկ Հայաստանում սկսվեց դժգոհությունների ալիք:

Համաձայնության մասին տեղեկության հրապարակումից հետո անգամ իշխանական «Իմ քայլը» խմբակցության տարբեր պատգամավորներ նշեցին, որ որոշումն իրենց համար ևս եղել է անսպասելի: Իսկ ՀՀ նախագահն էլ հայտարարեց, որ մամուլից է տեղեկացել Նիկոլ Փաշինյանի այդ որոշման մասին։

168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանից այսօր փորձեց ճշտել՝ արդյո՞ք վարչապետի որոշումը նրա համար անսպասելի է եղել, և ինչպե՞ս է գնահատում ձեռք բերված եռակողմ համաձայնագիրը, պատգամավորը, սակայն, հրաժարվեց պատասխանել. «Չեմ մեկնաբանելու ոչ մի բան, կներեք»:

Հիշեցնենք՝ երեկ 168.am-ի հետ զրույցում նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշել էր, որ որոշումն իր համար «շոկի աստիճան հասնելու անակնկալ է եղել»: