Ռուսաստանը փակ խորհրդակցությունների ընթացքում ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածությունների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին:

«Ռուսաստանն այսօր ՄԱԿ Անվտանգության խորհրդին պատմել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության մասին»,- ասել է զրուցակիցը: Նա հստակեցրել է, որ հանդիպումն անցել է փակ ձեւաչափով:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական եւ հայկական կողմերը կմնան իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ: