Թուրքիան սահուն ռեժիմում շարունակում է ՌԴ-ից գնած Ս-400 ՀՕՊ համակարգերի ստուգումն ու մարտական հերթապահության նախապատրաստումը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչպես եւ նախատեսված էր, մենք շարունակում ենք Ս-400 համակարգերի ստուգումն ու նախապատրաստումը (մարտական հերթապահությանը)»,- Աքարի խոսքն է մեջբերել Anadolu գործակալությունը։

Նա հավելել է, որ «Թուրքիան Ս-400-ներն օգտագործելու է ճիշտ այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ օգտագործում են իրենց ունեցած Ս-300-ները»։

Ռուսական Ս-400 նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ էին առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսից։ Վաշինգտոնը պահանջել էր գործարքից հրաժարվել եւ փոխարենը ձեռք բերել ամերիկլյան Patriot համալիրներ՝ սպառնալով հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել ըստ CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք)։ Անկարան հրաժարվել էր զիջումների գնալ եւ շարունակել էր Ս-400-ների լրացուցիչ խմբաքանակի շուրջ բանակցությունները։