Սիրիայի «Ապագա» կուսակցության ղեկավար Իբրահիմ Քեֆթանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան իր ներքաղաքական անհաջողությունները ծածկելու համար փորձում է հաջողություններ գրանցել արտաքին քաղաքականության մեջ, որը նույնպես մատնվում է անհաջողության։

Իբրահիմ Քեֆթանը նման կարծիք է հայտնել Hawarnews-ին տված հարցազրույցում:

Քեֆթանը նշել է, որ թուրքական պետությունը աջակցում է մի շարք ավազակային խմբերի․ «Թուրքիան Լիբիայում, Սիրիայում և Ղարաբաղում ահաբեկիչ զինյալներին շարունակում է աջակցել։ Այդ իսկ պատճառով է, որ պատերազմները այս տարածաշրջանում չեն դադարում։ Եթե Էրդողանը շարունակի վարել այս քաղաքականությունը, ապա շուտով կհանդիպի Թուրքիայի ժողովրդի ապստամբությանը։ Էրդողանը պատասխանատու է տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների համար»,- ասել է նա։

Քեֆթանը շեշտել է, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել հազարավոր վարձկանների Արցախի դեմ պատերազմելու համար, սրանով Էրդողանը Ղարաբաղի պատերազմը տեղափոխել է կրոնական հարթություն, ինչպես նաև քաջալերել է ահաբեկիչներին, որպեսզի կոտորեն հայերին։

«Այս պատերազմը մեծ քաոս կարող է դառնալ աշխարհի համար» – նշել է նա։