Ակտիվ աշխատանքներ են իրականացվում խաղաղապահ առաքելության ղեկավարության եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ սեղմ ժամկետներում գերության մեջ հայտնված անձանց եւ դիակների փոխանակման կիրառական մեխանիզմներ ստեղծելու եւ գործընթացն իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերված եռակողմ համաձայնությունը եւ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումը հնարավորություն է ստեղծում մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ դեռեւս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ճակատագրերի ճշտման, դիակների փոխանակման համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում: Արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են իրականացվում խաղաղապահ առաքելության ղեկավարության եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ սեղմ ժամկետներում գերության մեջ հայտնված անձանց եւ դիակների փոխանակման կիրառական մեխանիզմներ ստեղծելու եւ գործընթացն իրականացնելու համար:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սահմանված կարգով սկսել է կատարել հատուցումներ սեպտեմբերի 27-ից հետո վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքներին: Աշխատանքներ են տարվում անհայտ կորածների մասին առկա օրենսդրական դաշտի, ինչպես նաեւ վիրավորված կամ զոհված զինծառայողներին տրամադրվող հատուցումների գործող կարգի պարզեցման եւ հատուցումների տրամադրման ժամկետների կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների մշակման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։